Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը կեղծ է ու տխմարության հետևանք

Ս. թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնելով այս մասին, Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել, ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են: Արցախի ՊՆ հրապարակած տեղեկատվության մեջ նշված է նաև․

«Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:

Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերը, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առ այսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի հետ միաժամանակ, Հայաստանի զինուժը ղարաբաղյան հակամարտության գոտում դիվերսիոն գործողություն է իրականացրել»:

«Հայաստանի Զինված ուժերին պատկանող տակտիկական «X-55» ԱԹՍ-ը խոցվել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից փետրվարի 21-ին Աղդամի շրջանի ուղղությամբ հետախուզական թռիչքի ժամանակ»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Էժանագին հնարքով քաղաքական նպատակ հետապնդող այս հայտարարության կեղծ լինելն ակնհայտ է թեկուզ նույն հայտարարության մեջ նշված այն տեղեկատվությունից, թե Հայաստանի զինուժի դիվերսիոն գործողությունը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի հետ միաժամանակ։ Նախ, Ադրբեջանի նշած տարածքում ծառայություն է իրականացնում ոչ թե Հայաստանի զինուժը, այլ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Երկրորդ․ եթե Արցախի ՊԲ-ի կամ, թեկուզ, Հայաստանի զինուժի հրամկազմը, սպաները որևէ դիվերսիոն գործողության մտադրություն ունենային, ապա, ի տարբերություն ադրբեջանցի հրամանատարների, որոնք մեկ անգամ չէ, որ աչքի են ընկել իրենց հիմարությամբ, այդ գործողությունը հաստատ չէին անի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի հետ միաժամանակ։

Երրորդ․ հենց Ադրբեջանի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ԱԹՍ-ն խոցվել է հետախուզական թռիչքի ժամանակ, բայց միաժամանակ տխմարաբար ներկայացված է, թե Հայաստանի զինուժը դրանով «ղարաբաղյան հակամարտության գոտում դիվերսիոն գործողություն է իրականացրել», ընդ որում, չնշելով, թե որն է եղել այդ դիվերսիոն գործողությունը։ Տարբեր բնույթի դիվերսիաների սիրահար, քանիցս դրանց իրականացումը փորձած, բայց հիմնականում ձախողած Ադրբեջանի ՊՆ-ում անտեսել են, որ «X-55» ԱԹՍ-ն, ավելի ճիշտ, «X-55M»-ը ոչ թե հարվածային բնույթի, այլ թեթև հետախուզական սարք է, որի մեկնարկային թռիչքային քաշը կազմում է 30 կգ, իսկ օգտակար բեռի քաշն ընդամենը 5 կգ, դա էլ տեսախցիկի ու մնացած սարքավորումների քաշն է։