Ոստիկանների հերթական զորախումբը մեկնել է սահման (տեսանյութ, լուսանկարներ)

Օրերս կրկին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Իր և ողջ համակարգի անունից ողջունելով ոստիկաններին, Վ․ Օսիպյանը մաղթել է բարի ծառայություն։

«Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում,- ասել է ՀՀ ոստիկանապետը։- Մենք հպարտ ենք ձեզանով»։

Տերունական աղոթքից և երդվելուց հետո, ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման: Հաջորդ օրը Տավուշից վերադարձել է ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել ազգանվեր ծառայության համար:
Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվել է շնորհակալություն:
Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: