Քրդերը վռնդել են թուրք զինվորականներին նրանց հենակայանից ու հրկիզել այն

Այս տարվա հունվարի 11-ին արդեն տեղեկացրել էինք, որ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) փեշմերգան Թուրքիայում վերսկսել է մարտերն ընդդեմ թուրքական բանակի և ժանդարմերիայի։ Նշել էինք նաև, որ ռազմական գործողությունների գոտուց ստացվող օպերատիվ տեղեկությունները ծայրաստիճան քիչ են, և հնարավորություն չկա ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է կատարվում Արևմտյան Հայաստանում ու Հյուսիսային Միջագետքում։

Հունվարի վերջին, սակայն, արևելյան Թուրքիայում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակի մասին աշխարհը որոշ տեղեկություններ ստացավ, բայց…  Հյուսիսային Իրաքից։ Այդ հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ հունվարի սկզբին թուրքերի դեմ հաջող գրոհից հետո, թուրքերի գերակշռությունն այդուհետ սկսել է «դուրս մղել» ՔԲԿ-ի փեշմերգային, բնականաբար, դեպի Իրաք։

Ահա քրդական աղբյուրների, մասնավորապես, հունվարի 26-ին «Rudaw» գործակալության հաղորդած տեղեկատվությունը, ընդ որում, Թուրքիայի կողմից հաստատված․ Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ քաղաքի մոտ գտնվող թուրքական ռազմակայանը հարձակման է ենթարկվել։ «Reuters» գործակալության տվյալներով, հարձակվողներից առնվազն մեկը սպանվել է։ Թուրք զինվորականների դեմ գրոհի պատճառը տեղի բնակչության դժգոհությունն էր օդային հարվածներից, որ Թուրքիայի ՌՕՈՒ-ն հասցնում է ՔԲԿ-ի օբյեկտներին։ Ինչպես հավաստել են թուրքական ռազմական աղբյուրները, հունվարյան ռմբակոծումների հետևանքով զոհվել է ՔԲԿ-ի 21 անդամ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հաղորդել է հունվարի 26-ի հարձակման մասին, հայտարարելով, որ հարձակվողներին հաջողվել է «մասամբ վնասել մեկ փոխադրամիջոց»։ Առաջ անցնելով՝ ասեմ, որ թուրքերը ստում են։

Սկզբում, ինչպես տեսնում ենք, բոլորն էլ ընդունում էին, որ հարձակվողները տեղի բնակիչներն էին՝ իրաքյան քրդերը։ Բայց, ահա, արդեն հունվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այդ հարձակման մեջ մեղադրեց… ՔԲԿ կուսակցությանը.

«Մենք գիտենք, որ դրա (գրոհի – Ծ.Հ.) հետևում կանգնած է ՔԲԿ-ն,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաալիքը։- Նրանք արդեն սկսել են սադրել տեղի բնակչությանը։ Մենք գիտենք, թե որոշակի ով է կանգնած այդ սադրիչների թիկունքում։ Եվ մենք սևեռուն հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»։

Տեղնուտեղը, օպերատիվ կերպով տարածվեց նաև կատարվածի քրդական պարզաբանումը։ Դոհուկ գավառի Շիլադիզե շրջանի բնակիչները հավաքվել են, ինչպես նշել են քրդական ԶԼՄ-ները, ի նշան բողոքի՝ իրենց տարածքում (այսինքն՝ իրաքյան քրդերի տարածքում – Ծ.Հ.) թուրքական բանակի և թուրքական ՔԲԿ-ի պարտիզանների միջև ձգձգված հակամարտության դեմ, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Շիլադիզեում թուրքական զինվորականների և ՔԲԿ-ի զինված հակամարտության արդյունքում արդեն սպանվել ու վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք։ Միայն անցած շաբած թուրքական ինքնաթիռների ռմբակոծությունների հետևանքով այդ զոհերի թիվը հասել է 6 մարդու։ Արդյունքում՝ նախատեսված խաղաղ հավաքը վերաճել է թուրքական հենակայանի գրոհի և դրա հրկիզման ։

Ինչպես հայտարարել է իրաքյան «BasNews» գործակալությանը տված հարցազրույցում ակտիվիստ Սամի Ռեքանին, սահմանամերձ գյուղերի բնակիչները դաժանորեն տուժել են Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև բախումներից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում սպանվել է 18 խաղաղ բնակիչ։

«Մենք կոչ ենք անում վերջ տալ մեր տարածաշրջանում Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև զինված բախումներին,- ասել է նա։- Համապատասխան իշխանությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն այստեղ՝ անմեղ մարդկանց կյանքը պաշտպանելու համար»։

Չավուշօղլուի հայտարարություններից անմիջապես հետո արձագանքել են նաև Իրաքի իշխանությունները։ Ընդգծեմ՝ ոչ թե Իրաքյան Քուրդիստանի, այլ Բաղդադի կենտրոնական իշխանությունները։ Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Շիլադիզեի շրջանում քաղաքացիական բնակչության հետ թուրքական բանակի ընդհարման պատճառով։ Պարզվում է, որ Շիլադիզեի բողոքավորները, որոնք իբր անզեն էին, բախվել են թուրքական զորքերի հետ, որոնք, ըստ հաղորդագրությունների, հենակայանը լքելուց առաջ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա։ Այսինքն, նախ, գրոհը հաջող է եղել, և թուրքերը փախուստի են դիմել հենակայանից։ Երկրորդ՝ զոհվածը դեռահաս էր, թուրքերը երեխա են գնդակահարել։ Եվս 10 հոգի վիրավորվել են։

Ըստ Իրաքի ԱԳՆ-ի հայտարարության, Իրաքը դատապարտել է թուրքական զորքերի գործողությունները, հայտարարելով, որ իր ինքնիշխանությունն ու ժողովրդի անվտանգությունը գլխավոր գերակայություններն են։ Դրանից հետո Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG) նույնպես դատապարտել է Թուրքիայի զինվորականների հարձակումը խաղաղ բնակիչների վրա, բայց խոստացել է ուսումնասիրել խնդիրն ու պարզել, թե ով է պատասխանատու ընդհարումն սկսելու համար։

Զգացվում է, որ KRG-ի պաշտոնյաները, իսկ դրանք ներկայումս էլ հիմնականում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցող Մասուդ Բարզանիի կլանի ներկայացուցիչներն են, հստակ են հասկացել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հրամանը և ձեռնամուխ եղել Շիլադիզեի իրադարձությունների ու ՔԲԿ կուսակցության միջև «կապի որոնմանը»։ Բայց, ըստ երևույթին, ճշմարտությունը միջանկյալ ինչ-որ տեղ է. նույնիսկ եթե հնարավոր համարենք, որ ՔԲԿ-ի քրդական ջոկատների հանձնակատարներն իսկապես կազմակերպել են Շիլադիզեի բնակիչներին՝ գրոհելու թուրքական հենակայանը, ապա արել են դա վարպետորեն, պրոֆեսիոնալ կերպով։ Շիլադիզեում տուժած քրդերի մեջ չկան ՔԲԿ անդամներ։ Արդյունքում՝ Էրբիլում յուրօրինակ որոշում ընդունեցին։ Քրդական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորների խումբը Թուրքիայի կառավարությանը և ՔԲԿ կուսակցությանը կոչ է արել իրենց բախումները չվարել Իրաքյան Քուրդիստանի տարածքում։

Բարզանիական «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (PDK) պատգամավորները հունվարի 29-ին այցելել են Դոհուկ գավառ, որպեսզի ուսումնասիրեն իրավիճակը Շիլադիզեի շրջանում, որտեղ նախորդ շաբաթ ընդհարումներ էին տեղի ունեցել տեղի բնակիչների և թուրքական բանակի միջև։ PDK-ից պատգամավոր Վիան Սաբրին հայտարարել է, որ Թուրքիայի բանակն ու ՔԲԿ-ը պետք է հեռանան Քուրդիստանից, ընդգծելով, որ ՔԲԿ-ի ներկայությունը դրդում է Թուրքիային օդային հարվածներ հասցնել։

«Բռնությունը ազդում է նաև տնտեսության և մարդկանց սոցիալական կյանքի վրա, հատկապես Դոհուկ գավառում»,- հայտարարել է պատգամավոր Սաբրին մամուլի ասուլիսում։

Նա կոչ է արել Քուրդիստանի և Իրաքի կառավարություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել և լուծել Թուրքիայի հետ սահմանակից տարածքների խնդիրը։

Եթե ենթադրենք, թե իրավացի է Անկարան, և Շիլադիզեում թուրքերի վրա հարձակումը կազմակերպել են ՔԲԿ-ի գործակալները, ապա այդ դեպքում պետք է համարել, որ հունվարի վերջին Թուրքիայում տեղի ունեցած մարտերը ծայրաստիճան անհաջող են ընթացել այդ կուսակցության պարտիզանների համար, ինչի արդունքն էլ դարձել է Հյուսիսային Իրաքում գտնվող հենակայանի վրա հարձակումով թուրքական բանակի ուշադրությունը շեղելու փորձը։

Մեկ այլ տարբերակ. մարտերն այն աստիճան են ընդարձակվել, որ պատերազմի հուրը բռնկվում է թուրք-իրաքյան սահմանի մերթ մեկ, մերթ մյուս կողմում։ Եվ Շիլադիզեում հենակայանի վրա հարձակման կազմակերպումը հանգեցրել է նրան, որ ի հայտ է եկել Իրաքից իսկույն ևեթ հեռանալու պահանջ՝ հասցեագրված և՛ Թուրքիային, և՛ ՔԲԿ-ի ջոկատներին։ Սակայն մի՞թե պարզ չէ, որ թուրքերն ու ՔԲԿ-ի քրդերը կարող են հեռանալ միայն․․․ Թուրքիա։ Այսինքն՝ պատերազմեք միմյանց դեմ Թուրքիայում, սա բխում է ինքնըստինքյան…

Երրորդ տարբերակը և ամենից բացասականը քրդերի համար հետևյալն է՝ հենց Թուրքիայում պարտություններ կրելուց հետո են ՔԲԿ-ի ջոկատները հարկադրված նահանջել Հյուսիսային Իրաք, հնարավորինս մոտ իրենց գաղտնի հենաճամբարներին ու կայանավայրերին։ Այդուհանդերձ, Շիլադիզեում հարձակումը հաջող է եղել քրդերի համար, և թուրքերը փախել են իրենց հենակայանից, իսկ քրդերը հասցրել են հրկիզել այն։

Փաստն այն է, որ 2019թ․ հունվարի վերջի դրությամբ էլ թուրքերի ու քրդերի միջև մարտերը չեն մարել։

 

Սերգեյ Շաքարյանց