«Ուրան-9» մարտական ռոբոտը ներառվել է ռուսաստանյան բանակի սպառազինության կազմում (տեսանյութ)

Ռուսաստանի բանակը սպառազինության է առել «Ուրան-9» մարտական ռոբոտացված համալիրը։ Այս մասին հաղորդել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը։ Նա նշել է, որ ավարտին է մոտենում առաջին սերիական բաժնեքանակի արտադրությունը։

«Ուրան»-ները լավ գիտատեխնիկական նախահիմք են հետագա արտադրանքի համար»,-ասել է Դմիտրիևը «ՌԻԱ Նովոստի»-ին և «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

«Ուրան-9» ռոբոտացված մարտական համալիրը կշռում է ավելի քան 10 տոննա։ Այն զինված է 7,62 մմ գնդացրով, «Շմել-Մ» ռեակտիվ հրանետներով, 2Ա72 30մմ ավտոմատ հրանոթով և հակատանկային հրթիռների «Ատակա» համալիրով։

«Ուրան»-ները նախատեսված են հրակոծմանն աջակցության, հետախուզության և հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման համար։

Դեկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն առաջին անգամ կստանա նաև «Վիտյազ» Ս-350 զենիթահրթիռային համալիր։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով, բանակը շարունակում է ստանալ  զենքի, ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներ և կատարելագործում մարտական պատրաստականությունը։