Մահացել է հայկական արմատներով աշխարհահռչակ երգահան, երաժիշտ Միշել Լեգրանը (տեսանյութ)

Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին

Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ երգահան, դաշնակահար Միշել Լեգրանը։ Այս մասին տեղեկացրել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Միշել Լեգրանը ծնվել է 1932թ․ փետրվարի 24-ին, երաժիշտների ընտանիքում (հայրը դիրիժոր և կինոկոմպոզիտոր էր, քույրը` երգչուհի):

Երաժշտություն է գրել շուրջ 250 ֆիլմերի համար: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ երեք «Օսկար»-ի՝ «Շերբուրգյան հովանոցներ» (1965 թ.), «Թոմաս Քրաունի խաբեբաները» (1968 թ.) և «Ռոշֆորցի աղջիկները» (1968 թ.) ֆիլմերիերաժշտության համար,  նաև՝ 5 «Գրեմմի»-ի,  երեք «Կեսար»-ի,  մեկ «Էմմի»-ի, տասներկու «Ոսկե գլոբուս»-ի, իսկ 2003թ․ Ֆրանսիայի կառավարության կողմից` «Պատվո լեգեոն» շքանշանի:

«Ես ինձ հայ եմ զգում»,- մշտապես շեշտում էր իր հայկական արմատները մեծանուն երգահանը։

Նրա մայրական պապն Արևմտյան Հայաստանից էր, Տեր-Միքայելյան ազգանունով, ով ստիպված է եղել լքել Օսմանյան կայսրության տակ գտնվող հայրենիքը։ Միշել Լեգրանն իր հայկական արմատների մասին մի առիթվ ասել է․ «Մորս հայրը հայ էր: Պապիկիս հետ ես ապրել եմ 10 տարի: Նա հաճախ էր պատմում Հայաստանի մասին: Երկուսով նստում էինք դաշնամուրի առաջ, ու նա ինձ ցույց էր տալիս այն ակորդները, որոնցով կարելի է հայկական ժողովրդական երգեր նվագել: Հայաստանի մասին պապիկս միշտ թախիծով էր խոսում: Հայաստանն իմ սրտի համար յուրահատուկ երկիր է: Այստեղ ես գտել եմ իմ հայ ազգականներին: Հայերի հետ հավասար լաց եմ եղել, ողբացել նրանց անցյալի համար»:

Իր ստեղծագործական կյանքի մասին մեծանուն երգահանն ասել է՝ «Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին: Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես: Կարիերայի հետևից երբեք չեմ ընկել: Եթե իմ արածը կարիերա համարենք, ուրեմն ես բազմաթիվ կարիերաներ եմ արել` ջազմեն, ռեժիսոր, երաժիշտ, գործիքավորող, դիրիժոր»:

Հավելենք, որ անչափ սիրել է և մինչև խոր ծերություն չի հրաժարվել ինքնաթիռ վարել։ «Երկնքում աստված ես»,- այսպես է մեկնաբանել իր երկրորդ կիրքը Լեգրանը:

Միշել Լեգրանին համեմատել են այնպիսի երգահանների հետ, ինչպիսիք են Ռավելը, Ստրավինսկին, Գերշվինը: Նա մեծ ավանդ ունի երաժշտական ամենատարբեր ոճերում։ Նրա ստեղծագործություններում կարելի է հանդիպել ռեյգթայմ, բարոկկո, ֆլամենկո, ֆանկ-ռոք, սվինգ և ֆրանսիական օպերետային մեղեդիներ: Ֆրանսիական ջազային և էստրադային երաժշտության մեջ նրա ավանդն ահռելի է: