Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը հետևել է զորավարժության մարտական հրաձգության փուլին

Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:

Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ: