Բողոքի ակցիաներ, ցույցեր Իրանում, կան զոհեր

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, բենզինի գնի բարձրացման պատճառով արդեն մի քանի օր է՝ ցույցեր են ընթանում։  Այս մասին տեղեկացրել է 112.ua՝ հղում անելով Al-Hadath հեռուստաընկերությանը։  Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:

Կայքի տեղեկություններով, վերջին երկու օրերին  ցուցարարների հետ ոստիկանության բախումների պատճառով Իրանի տարբեր քաղաքներում զոհվել է 25 մարդ։

Իրանի իշխանությունները դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Ցույցերն սկսվել են ուրբաթ օրը։ Պատճառն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի որոշումն է, որով բենզինի սուբսիդիաները կրճատվում են՝ աղքատների աջակցության ֆինանսավորումն ավելացնելու համար:

Իրանի կառավարությունը  նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաև բարձրացրել է գինը: Ճիշտէ, իրանական բենզինը համարվում  է աշխարհում ամենաէժանը, այնուհանդերձ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով։ Այսինքն՝ մեկ լիտր բենզինը 10 հազար ռիալից (մոտ 9 ցենտ) կդառնա 15 հազար ռիալ (15 ցենտ): Կառավարության որոշմամբ, այս գնով հնարավոր կլինի գնել ամսական միայն 60 լիտր: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բենզին գնել, ապա պետք է վճարեն ավելի թանկ: Այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ։

Նշենք, որ ցույցերի պատճառով անջատվել են ինտերնետն ու բջջային կապը։