Լավ ճանաչեք Փաշինյանին ու լավ մտապահեք…

Առաջարկում եմ անկեղծորեն պատասխանել, պատասխանեք գոնե ինքներդ ձեզ` երբ ձեզանից ոմանք «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության բերեցին ՀՀ ներկայիս իշխանություններին կամ նպաստեցին, որ իշխանության գան, երբ ընտրեցիք ԱԺ-ի ներկայիս ջահել-ջուհուլներին, պատկերացնո՞ւմ էիք կամ նույնիսկ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընդամենը մեկ տարի անց և նույն տարվա մեջ ելույթ կունենան լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների իրավունքների պաշտպան Լարա Ահարոնյանը, ապա տրանսգենդերն ինքը:

Այնուհետև, վերոնշյալը կարծես քիչ է, պատգամավորները Հայաստանում այլասերվածների համար գործնականում լայն իրավունքներ և հնարավորություններ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ ԱԺ-ում փակ, հանրությունից գաղտնի քննարկում կունենան Եվրոպայի խորհրդի պատվիրակության և Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահի հետ, իսկ երկու շաբաթ անց մեկ այլ տրանսգենդերի կամ սեռափոխ եղած տրանսվեստիտի մասին նկարահանվող ֆիլմն այնքան կարևոր կլինի ներկայիս իշխանությունների համար, որ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը հարկ կհամարի Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ այդ կապակցությամբ տրված, բայց չպատասխանված հարց կա, իսկ ՀՀ վարչապետն էլ, կարծես էլ ուրիշ դարդուցավ, ներքին խնդիրներ, արտաքին վտանգներ չունենք, ամենայն լրջությամբ կսկսի խոսել այդ ֆիլմի ու նրա, չգիտեմ, հերոսուհու ասեմ, թե հերոսի` Մելինե (Մել)  Ղալուզյանի մասին, խոսելն էլ քիչ է, կհայտարարի, թե այդ մարդն իր անձնական պաշտպանության ներքո է, ապա հաթաթաներ կտա:

Իհարկե, չէիք պատկերացնում, բայց դե սրանք են անողոք փաստերը, սա է «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների պատկերացրած ու նրանց կողմից վերափոխվող նոր Հայաստանը: Հիմա մտածեք, թե ինչ եք անելու,…

Այս ընդարձակ նախաբանից հետո, ինչպես խոստացել էի իմ նախորդ` «Նիկոլ Ստախոս, Նիկոլ Դեմագոգ, եթե, իհարկե, չարժանանա մեկ այլ մականվան` Նիկոլ Արյունարբու…» հոդվածում, անդրադառնամ Մելինե (Մել) Ղալուզյանի ու նրա վերաբերյալ նկարահանվող ֆիլմի առնչությամբ ԱԺ-ում ս. թ. նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանին: Վերջինս ակնհայտորեն նյարդայնացած, ջղագրգիռ, համենայն դեպս, խիստ անհանգիստ էր, սկզբից ևեթ սկսեց միկրոֆոններն անհարկի այս կողմ, այն կողմ շարժել: Եվ ինչպե՞ս անհանգիստ չլիներ, երբ հասկանում էր, որ, ուր որ է, մտնելու է սեռափոխ անձի և նրա ու նրա այլասերման մասին ֆիլմի պաշտպանի դերի մեջ:

«Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն ա և ռեկորդակի ա, որի ռեկորդը մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ, և որի պատվին, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է և Հայաստանի հիմնը երեք անգամ հնչել ա»,- հենց ինքն իրեն խայտառակելով, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բա երկրի ղեկավարը «Մել» ֆիլմի մասին իր պատասխանից ու Մելինե (Մել) Ղալուզյանի վերաբերյալ իր այդ ելույթից առաջ չիմանա՞ր, թե ում մասին է խոսում…

Ինչպես արդեն հայտնի է, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել էր, քանի որ նրա արյան մեջ անալիզների վերստուգման արդյունքում հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ: Բացի այդ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից ստացված տեղեկատվության համաձայն, Մելինե Դալուզյանը գրավոր կերպով իրազեկվել է, որ պետք է վերադարձնի իր ստացած բոլոր մեդալներն ու նույնիսկ հուշամեդալները:

Դալուզյանի հիշյալ խայտառակ, կարգազանց կամ անօրինական վարքի հետևանքով Հայաստանից որակազրկվածների թիվն արդեն հասել է մոտ քսանի, ինչը ենթադրում է պատժամիջոցների կիրառում: Հարցականի տակ է դրվել առաջնություններին Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցության իրավունքի հարցը, վերոնշյալ դոպինգ սկանդալից հետո Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերին Հայաստանից լավագույն դեպքում կարող են թույլատրել 2 մարզիկի մասնակցություն, մինչդեռ, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, պետք է մասնակցեին ութ հոգի:

Ավելին. հարկատուներիս հաշվին շուրջ 20 միլիոն դրամով ֆինանսավորվել է մի ֆիլմ, որի հերոսուհին հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ուրացել ու լքել է իր երկիրը, և, ուրեմն, Հայաստանի դրոշը և օրհներգը նրա համար այլևս ոչինչ են:

Ահա թե ինչի մասին պետք է իմանար վարչապետն իր պատասխանից առաջ, և, բնականաբար, հարց է առաջանում` եթե երկրի ղեկավարն այս աստիճան անիրազեկ է մի հարցում, որի վերաբերյալ իր իսկ պատվի համար հետևանքներ ունեցող ելույթ է ունենում, ապա Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ու ռազմական հնարավորություններին, երկու պետություններում առկա իրական վիճակին, Արցախի հետ կապված բանակցությունների նրբություններին և շատուշատ այլ հարցերի ընդհանրապես տեղյա՞կ է…

Իհարկե, բացառված չէ նաև, որ Փաշինյանն իր պատասխանից առաջ շատ լավ էլ գիտեր, թե ով է Մելինե (Մել) Ղալուզյանը նաև սպորտի բնագավառում, սակայն չխորշեց հակահերոսին հերոս ներկայացնել, ինչպես անցյալ տարի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում հայկական ավանդական ընտանիքի մայր ներկայացրեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, որը ԱԺ-ում 2019թ. մարտի 8-ին, առանց ամոթի որևէ նշույլի, հայտարարեց՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանից միանգամայն սպասելի է այսպիսի անբարոյական քայլը… Բայց, հետաքրքիր է, գիտակցո՞ւմ է արդյոք, որ «Մել»-ի խմորը դեռ շատ ջուր է վերցնելու…

Արթուր Հովհաննիսյան