Տարոն Մարգարյանը թանգարան խոստացավ, բայց մեդալով խաբեց․ Անդրանիկ Քոչարի երազանքը կիրականացնի որդին (լուսանկարներ)

Օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հայտնի հայ լուսանկարիչ, Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անդրանիկ Քոչարի մասին՝  «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրության շնորհանդեսը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում, որի հեղինակը արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանն է: Գիրքը նվիրված է արվեստագետի ծննդյան 100-ամյակին։ Քոչարը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 24-ին Ալեքսանդրիայում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում:

Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական: 1945 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք վերադառնալը: 1947 թվականին «Պոբեդա» նավով հայրենադարձվել է և մնացած կյանքն ապրել հայրենիքում, որտեղ «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին»։ Այսօր այդ լուսանկարները հայկական կինոյի և, ինչու ոչ, նաև լուսանկարչության պատմության լավագույն վավերագիրներն են։ Անդրանիկ Քոչարը հետագայում եղել է Հայաստանի պետական պատկերասրահի, 1960-1970 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի լուսանկարիչը: 1962 թվականին հիմնադրել է «Երևան» ֆոտոակումբը և տասը տարի անընդմեջ ղեկավարել այն: Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, կենդանիներ, երեխաների նկարներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Անգերազանցելի է Քոչար լուսանկարչի ավանդը հայկական լուսանկարչության պատմության մեջ և զարգացման գործում, թեև մինչև օրս արժանիորեն գնահատված չէ այն ամբողջ արխիվը, որը լուսանկարիչն ավանդել է մեզ՝ հույս փայփայելով, որ դրանք երբևէ կհայտնվեն Հայաստանում ստեղծված լուսանկարչության թանգարանում։ Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Անդրանիկ Քոչարի որդին՝ Վահան Քոչարը, հայրը երազում էր Հայաստանում նման թանգարանի մասին։

Գայանե Առաքելյանը գիրքը կազմել և շարադրել է  հենվելով Անդրանի Քոչարի՝ «Կեցցե կինոն» խորագրով գրքի, ինչպես նաև Անդրանիկ Քոչարի որդու՝ գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարի անձնական ֆոնդում ամբարված լուսանկարների, արխիվային վավերագրերի հիման վրա։ Միաժամանակ այցելել է  լուսանկարչին ճանաչող արվեստագետների, ծանոթացել, ուսումնասիրել, օգտագործել է մասնավոր հավաքածուներում և ընտանեկան ալբոմներում պահվող հազվադեպ լուսանկարներ, արվեստագետի կյանքի և գործունեության հետ կապված տեղեկություններ։

LIVEnews.am-ի թղթակցի հետ զրույցում Վահան Քոչարը ներկայացնելով իր տանը պահվող հսկայական արխիվը՝ ասաց, որ բոլոր այդ նկարները, փաստաթղթերը, նյութերը հայ ազգի հարստությունն են, որոնք պետք է հավաքվեն, ամբողջացվեն մեկ վայրում ու ներկայացվեն լուսանկարչությամբ, դրա պատմության հետաքրքրվող յուրաքանչյուրին, զբոսաշրջիկներին ու օտար արվեստագետներին ի ցույց դրվեն հայկական լուսանկարչության լավագույն ավանդույթներն ու արժեքը։

Ըստ Վահան Քոչարի՝ ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն խոստացել էր, որ համապատասխան տարածք ու որոշակի գումար կտրամադրի լուսանկարչության թանգարան հիմնելու համար, սակայն հետևողական չեղավ։ Միակ բանը, որ տվեց՝ մեդալն էր։ Վահան Քոչարը մեծ ափսոսանք է ապրել, որ քաղաքապետն այդպես էլ չի հասկացել լուսանկարչության թանգարան ունենալու կարևորությունը։

«Նախկին քաղաքապետի անունից մի անգամ զանգեցին ու հրավիրեցին իր մոտ։ Անչափ ուրախացա՝ մտածելով, որ թանգարանի հարցը լուծվելու է։ Արագ վերադարձա Երևան և որքան մեծ էր հիասթափությունս, երբ պարզվեց, որ ինձ հրավիրել են քաղաքապետի ոսկե մեդալ շնորհելու։ Երբ մեդալն ամրացնում էր, իրեն ասացի՝ սա տալիս ես, որ թանգարան չտա՞ս։ Պետք է նախ թանգարան բացելու հնարավորություն ընձեռեր, որպեսզի հետո մեդալ շնորհելը տրամաբանական լիներ, հասկանայի, որ նա գնահատել է իմ ներդրումը, առաջարկը: Այդ ժամանակ էլ խոստացավ, բայց․․․»,- պատմեց նա։

Եվ ի վերջո Վահան Քոչարը որոշել է ընտանեկան միջոցներով նման թանգարան ստեղծել՝ Անդրանիկ Քոչարի անունով․ «Մեկ-երկու ամիս հետո հավանաբար հայրիկի երազանքը մասամբ իրականություն կդառնա։ Դա մեր ընտանեկան խորհրդի որոշումն է։ Թանգարանը կգործի Ավետ Ավետիսյան 19 հասցեում, 65 քմ տարածք է, որտեղ արդեն 11 հայ լուսանկարիչների ստեղծագործություններ են ցուցադրված։ Նմուշները, ստեղծագործությունները, ցուցադրելու նյութերը բազմաթիվ են, ցավոք տարածքն է փոքր, կցուցադրենք, կներկայացնենք այնքան, որքան հնարավոր է։ Նմուշների մեջ կան նաև լուսանկարչական սարքեր։ Բայց միայն թանգարանի գոյությունը քիչ է, այն պետք է նաև որպես ինստիտուտ գործի, որտեղ նաև գիտաշխատողներ կլինեն և կուսումնասիրեն հայկական լուսանկարչությունը ու համաշխարհային լուսանկարչության պատմության մեջ հայերի ունեցած դերը և կհանրահռչակեն այդ ամենը։ Հոգնել ենք տարբեր ատյանների դռները բախելով, բացատրելով, թե որքան կարևոր է մեզ համար հայ լուսանկարչության թանգարան ունենալը։

1924թ․ Ալեքսանդր Մյասնիկյանը Ռուբեն Դրամբյանին Պետերբուրգից հրավիրեց, յոթ սենյակ ու աշխատակազմ տրամադրեց, և 1925թ․ Հայաստանում, որտեղ սով էր, համաճարակ, հիմնվեց Հայաստանի ազգային պատկերասրահը։ Հիմա մեզ մյասնիկյաններ են հարկավոր, թե չէ եթե ներկաների սրտում եղ չլինի, կարասում էլ տեղ չի լինի, որքան էլ ասես, հորդորես, որ դա արժեքավոր, շնորհակալ ու ազգանվեր գործ է»։

Հայ լուսանկարչության պատմության մեջ Անդրանիկ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց։ Նա կարևոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում։ Հավաքելով հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները՝ նա առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը։

Գայանե Առաքելյանի ներկայացմամբ՝ հայ լուսանկարչության պատմությունը, Անդրանիկ Քոչարը չուսումնասիրված թեմաներ են, և նաև դա է իրեն հրապուրել, հետաքրքրել, որպեսզի զբաղվի Քոչարի արվեստի, հայկական լուսանկարչության ուսումնասիրությամբ։ Այդ թեմայով գրքեր չկան, միայն 2007թ․առաջին անգամ հայ լուսանկարչության պատմության վերաբերյալ գիրք-ալբոմ լույս տեսավ, որը կարելի է հանրագիտարան համարել։ Դրանում 500-ից ավելի հայ լուսանկարիչներ են ներկայացված։ Այդ հանրագիտարանն ամբողջացրել ու հրատարակել է Վահան Քոչարը՝ իր հոր հավաքած նյութերի հիման վրա և Անդրանիկ Մարգարյանի ֆինանսավորմամբ։

«Հայ լուսանկարչության ոլորտը, որը հարուստ, բազմաբովանդակ և ուսանելի է, չի կարելի թողնել առանց ուսումնասիրության, դա մեր արժեքն է, որն անտեսելն աններելի է,- ասաց Գայանե Առաքելյանը։- Ներկա աշխատությունը լույս տեսավ մշակույթի նախարարության և մեր անձնական ֆինանսավորմամբ։ Ցավոք գումարը բավականացրեց միայն 300 տպաքանակի համար»։

Անդրանիկ Քոչարի ստեղծագործությունները, ըստ գրքի հեղինակի, 1950-80-ական թվականների հայ մտավորականության լուսանկարչական հուշարձաններ են, շատերը նրա լուսանկարներով են մեր մեծերին ճանաչում, դրանք արդեն յուրօրինակ խորհրդանիշ են դարձել․ «Գեղարվեստական առումով այնքան բարձրարժեք են այդ լուսանկարները, որ համաշխարհային բարձր գնահատականի, մրցանակների են արժանացել։ Նրա ամենակարևոր ավանդը, սակայն, հայկական լուսանկարչության վերաբերյալ հավաքագրած պատմությունն է, եթե նա այդ մեծ ու կարևոր գործը չաներ, մենք մեր լուսանկարչության պատմությունը կարող էինք կորցնել։

Գայանե Առաքելյանը ևս կարևորում է լուսանկարչության թանգարան ունենալու հանգամանքը, ասելով, որ Անդրանիկ Քոչարի պահպանած պատմությունը չի հասնի հասարակությանը, ճանաչելի չի դառնա, եթե դրանք չցուցադրվեն առանձին թանգարանում։

Թագուհի Ասլանյան

Լուսանկարները՝ Արմեն Ենգոյանի