Արցախի ԱԳՆ ղեկավարը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ:

ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:

Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և Թրանսփարենսի ինթերնեշնլի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով: