ՆԱՏՕ-ի ռազմանավերի խումբը մտավ Բաթումի նավահանգիստ

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի 5 ռազմանավերից կազմված խումբը Գերմանիայի ռազմածովային ուժերի «Rein» ռազմանավի գլխավորությամբ մտավ Բաթումի նավահանգիստ։

Տեղեկացվում է նաև, որ ՆԱՏՕ-ի մշտական ականաքարշակային երկրորդ նավախմբի կազմի մեջ մտնում են Գերմանիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Բուլղարիայի և Ռումինիայի նավերը։ Այդ նավերը Վրաստանի ՆԳՆ ափային պաշտպանության վարչության ստորաբաժանումների հետ մեկտեղ մասնակցելու են զորավարժություններին, որոնց նպատակն է «Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միջև գործառութային համատեղելիության ու համագործակցության բարելավումը»։