Թշնամին լուսաբացին վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը

Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,- նշել է Բեգլարյանը։

Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։ Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։ «Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշում է Արցախի ՄԻՊ-ը։

 Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել  է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում Արցախում, նաև քաղաքացիական հիվանդանոց: