«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ». ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական հրադադարը ԼՂ-ում
ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատումը:
Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,- նշել է նա:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշների համաձայն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի, նախնական հաշվարկով, 4369 զոհ։ Հայկական կողմից կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Սյունիքում՝ մեկ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

