ՀԱՊԿ-ը հետաձգել է հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» զորավարժությունների հետաձգման մասին:

Զորավարժությունները նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի վերջին Հայաստանում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հետաձգվել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2020» և ՀԱՊԿ զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էր այս տարվա հոյտեմբերի վերջին Հայաստանում անկացնել: Այս զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ այժմ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկումներ են տեղի ունենում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված «Անխորտակելի եղբայրություն-2020» զորավարժություններին չի մասնակցելու:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անխորտակելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին»,- նշել է Զայնետդինովը :

Հայտնի է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման հետևանքով հակամարտության սրման հետ կապված:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։