Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը. ՄԻՊ

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, քաղաքացիները մեխանիկորեն ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի մոնիտորինգ:

«2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել ենք 200 դիմում- բողոք 400 անձից»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես արտակարգ դրության ժամանակահատվածում 83 դիմում-բողոք են ստացել՝պաշտպանին ուղղված։

Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: «Օրինակ վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, մեխանիկորեն քաղաքացիները ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը»,-ասաց նա:

«Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթոշակի վրա, աշխատավարձի վրա»,-մտահոգություն հայտնեց Արման Թաթոյանը:

Պաշտպանը նշեց նաև, որ լուրջ խնդիր է դատական քաշքշուկների մեջ քաղաքացու հայտնվելը: «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտանքային համապատասխան մարմին, կարծում ենք արբիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին պետք է ստեղծվի, որ քաղաքացիները դատարաններում չհայտնվեն»,-ասաց նա և քաղաքացիներին էլ կոչ արեց կարդալ, ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրում են: