Նիկոլ Փաշինյանը և Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել են փրկարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Դուք մասնագիտության բերումով՝ Ձեր անձնվեր աշխատանքով կառավարում եք այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»,- գրել է Փաշինյանը:

Նախարար Ցոլակյանը մասնավորապես նշել է.

«Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է:

Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում:

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ,- նշել է նախարարը:- Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն  է՝ մեր ժողովրդի կողմից:

Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար:

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»

ՀՀ կառավարության որոշմամբ 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև՝ աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը: Այդպիսով սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: