Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ-ն ասորիների, արաբների համար հայրենիք դարձնելու մասին հայտարարությանը
Ոչ ոք չի ասել՝ պետք է մտածել, խոսքը եղել է այն մասին, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կցանկանան ապրել հայերի նման ազգեր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով իր՝ ավելի վաղ արած հյատարարությանը, թե պետք է ստեղծել մի իրականություն, որ ապագայում Հայաստանը դարձնենք հայրենիք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք վտանգ չեն ներկայացնում մեր ազգային անվտանգությանը:
Զարեհ Սինանյանը նշեց, թե չխմբագրված տեսանյութում նշված միտքն արտահայտողը լիբանանահայ է, մտքին էլ Սինանյանը համաձայնում է:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ են ասորիները, արաբները նման հայերին, Սինանյանն ասաց. «Չեմ ուզում պատմության, աշխարհագրության, մշակույթի դասեր տալ, խորհուրդ կտամ 1-2 գիրք կարդալ. կհասկանան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային. նոր չէ, որ հայ ժողովուրդը նրանց հետ ապրել է»:
Նրա խոսքով՝ իրենք փիլիսոփայորեն քննարկել են, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը, և որ այնքան լավ կլիներ՝ Հայաստանը կարողանար կլանել նաև այլ ազգերի:
«Մարդիկ կան, որոնք այլ ազգեր կլանելուն դեմ են. ես դա հասկանում եմ. միգուցե վիճաբանության թեմա է, թե կա՞ աշխարհում որևէ պետություն, որը կարողացել է մեծանալ և հզորանալ՝ առանց երբևէ ընդունելու և կլանելու նման ազգերի»:

