Տեղեկությունը, թե ՀՀ ներկրվել է վարակված խոզերի մեծ խմբաքանակ, չի համապատասխանում իրականությանը. ՍԱՏՄ
«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Հայտարարության մեջ նշվում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես Տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։
Ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են լիազոր մարմնի անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար Տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իր լիազորությունների շրջանակներում, ապահովում է և՛ ներմուծող, և՛ արտադրող տնտեսավարողների բնականոն գործունեությունը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»:

