Թուրքիայում թմրանյութերի գործով ձերբակալվել է 35 մարդ, այդ թվում՝ հայտնի դերասաններ

Ստամբուլում թմրանյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի առնչությամբ իրականացվող քննության շրջանակում ձերբակալվել է 35 մարդ, այդ թվում՝ դերասաններ։ «Region Monitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Haber Global»-ը։

Քննությունն իրականացնում է Ստամբուլի դատախազության՝ մաքսանենգության, թմրանյութերի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը։ Դատախազության փոխանցմամբ՝ կասկածյալների, տեղեկություններ տրամադրած անձանց և վկաների ցուցմունքների, ինչպես նաև առգրավված բջջային հեռախոսների և թվային նյութերի փորձաքննության արդյունքների հիման վրա ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնք հիմք են տվել մի շարք անձանց նկատմամբ թմրամիջոցների օգտագործման կամ պահման կասկածներով քննություն սկսելու համար։

Ձերբակալվածների թվում են դերասան և երգիչ Օզջան Դենիզը, ռեժիսոր Ջեմ Քարջըն, միջոցառումների կազմակերպիչ Էրդալ Բոզքուշը և դերասանուհի Դենիզ Չաքըրը։ Մեղադրանքների կամ ձերբակալվածների նկատմամբ հետագա դատավարական գործողությունների վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակման մեջ չեն ներկայացվել։