Երևանի քաղաքապետարանը հերքում է

Երևանի քաղաքապետարանը հերքում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի տարածած տեղեկությունները, թե մայրաքաղաքում նախատեսվում է սահմանափակել մինչև 2010 թվականն արտադրված մեքենաների, ինչպես նաև հեղուկ գազով շահագործվող և «Եվրո 4» չափանիշին չհամապատասխանող ավտոմեքենաների մուտքը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է.

«Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։

Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։

Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է»:

Հիշեցնենք՝  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է մայրաքաղաք մուտք գործելու սահմանափակումներ կիրառել՝ դրանք վերագրելով ավտոմեքենաների արտադրության տարեթվին, վառելիքի տեսակին և էկոլոգիական չափանիշներին։