Թուրքիան առաջին երկիրն է, որն իր սպառազինության մեջ ներառել է KIZILELMA անօդաչու կործանիչը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Bayraktar KIZILELMA անօդաչու մարտական ինքնաթիռը Թուրքիայի զինված ուժերին հանձնելով՝ երկիրը դարձել է աշխարհում առաջինը, որն իր սպառազինության մեջ ընդունել է անօդաչու կործանիչ։

Էրդողանի խոսքով՝ մինչ այդ ASELSAN ընկերության EJDERHA ուղղորդված էներգիայի համակարգը միաժամանակ շարքից դուրս է բերել 51 անօդաչու թռչող սարք։

«Այստեղ փամփուշտներ չկան, զինամթերք չկա, հրթիռներ չկան։ Կան առաջադեմ տեխնոլոգիաներ և բարձրակարգ ինժեներական լուծումներ։

Կան անտեսանելի ալիքներ, որոնք մեկ կոճակի սեղմումով, մեկ կիլոմետր հեռավորությունից այրում են անօդաչու սարքերի էլեկտրոնային սխեմաները։

Այս երկու ձեռքբերումները ցույց տվեցին, թե որքանով է արդարացված մեր վստահությունը պաշտպանական արդյունաբերության ընկերությունների կարողությունների և մեր ինժեներների աշխատասիրության նկատմամբ»,- հայտարարել է Էրդողանը։