Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը նորաօծ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորել է վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով՝ պատգամելով հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, մեր ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։

Անդրադառնալով քահանայական ծառայության բարձր կոչմանը՝ Հայոց Հայրապետը նորընծաներին թելադրել է Ավետարանի հետևողական քարոզությամբ և ուսուցմամբ զորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը չլինի սոսկ ժառանգված ավանդություն, այլ՝ անձնական համոզմունք և կենդանի ապրում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է եկեղեցականներին հովվական մշտարթուն խնամքով ու բարի օրինակով առավել ամրապնդել Եկեղեցի-հասարակություն կապը և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերելքին և Մայր Եկեղեցու պայծառությանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորընծաներին։