Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»

«Հետքը» գրում է․ 2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:    

Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են:  

Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:  

65 քկմ-ն հավասար է 100 հատ Երեւանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաեւ դրա հարեւան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը: 

65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձեւավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել: 

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչեւ եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի եւ անկենդան հուշարձանները: 

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող Սառցալի (3433 մ), Դրանակ (3396 մ) եւ Կարմրակատար (3058 մ) լեռնագագաթները: Սրանք ոչ միայն իշխող դիրք ունեն հարեւան տարածքների նկատմամբ, այլեւ դրանցից սկիզբ է առնում Արփա գետի ձախակողմյան վտակների մի մասը:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։