Իրանի ԱԳՆ-ն հարևան երկրներին զգուշացրել է ԱՄՆ-ի հարձակումների համար իրենց տարածքը տրամադրելու հետևանքների մասին
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալու իրենց տարածքի, ռազմաբազաների և այլ օբյեկտների օգտագործումը Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան գործողությունների նախապատրաստման և իրականացման համար, հաղորդում է Mehr-ը։
Թեհրանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ին նման աջակցությունը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ և Իրանին իրավունք է տալիս պատասխան պաշտպանական միջոցներ ձեռնարկելու։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանի պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու իրենց ենթակառուցվածքների հետագա օգտագործումն Իրանի դեմ հարձակումների համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ այս իրավիճակում անգործությունը հակասում է բարիդրացիության սկզբունքին։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Թեհրանը հղում է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի հավելվածի 3-րդ հոդվածի «f» կետին, ըստ որի՝ պետության կողմից իր տարածքն այլ պետության տրամադրելը՝ երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու համար, կարող է որակվել որպես ագրեսիա։ Իրանը հայտարարել է, որ նման գործողություններն իրեն իրավունք են տալիս ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկելու։
Իրանի ԱԳՆ-ն նաև դատապարտել է վերջին մի քանի օրում Իրանի հարավային ափի օբյեկտներին ամերիկյան զինուժի հասցրած հարվածները։ Գերատեսչության պնդմամբ՝ ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարձակվել են տարածաշրջանում ամերիկյան երկու ռազմաբազայում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակների վրա, որոնք Թեհրանը համարում է երկրի դեմ գործողությունների աղբյուրներ և աջակցող ենթակառուցվածքներ։
Իրանն ընդգծել է, որ հարգում է հարևան պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մինչ այժմ առավելագույն զսպվածություն է ցուցաբերել՝ հաշվի առնելով նրանց հետ հարաբերություններն ու իսլամական ումմայի շահերը։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ իրանական հարվածներն ուղղված են եղել բացառապես այդ երկրների տարածքում ամերիկյան ռազմաբազաների և օբյեկտների դեմ։
Թեհրանը սրացման հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի վրա՝ ԱՄՆ-ին մեղադրելով միջազգային իրավունքի խախտման և ուժի ապօրինի կիրառման մեջ։ Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ին, առաջին հերթին՝ Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին, կատարելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իրենց պարտավորությունները։ Գերատեսչությունը զգուշացրել է, որ ուժի կիրառման արգելքի խախտումներին չարձագանքելը խաթարում է կազմակերպության հեղինակությունը և սպառնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է տարածաշրջանի որոշ երկրների՝ ամերիկյան հարձակումներն անտեսելու պայմաններում Իրանի պատասխան գործողությունները դատապարտելու համար։ Թեհրանը նրանց կոչ է արել հասնելու Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների համար իրենց տարածքի օգտագործման դադարեցմանը, այլ ոչ թե քննադատելու այն, ինչն ինքը համարում է օրինական ինքնապաշտպանություն։
Եզրափակելով՝ գերատեսչությունը վերահաստատել է Իրանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությունը և զգուշացրել, որ ագրեսիայի ցանկացած նոր ակտ կամ թշնամական գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական պատասխանին։

