Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով բանակցային խմբում. The Guardian

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը դուրս է մնացել այն պատվիրակության կազմից, որին հանձնարարված է բանակցություններ վարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։ Ըստ The Guardian-ի՝ այս որոշումը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ նրա որդեգրած կոշտ դիրքորոշմամբ, ԵՄ խոշոր անդամ պետությունների՝ արտաքին քաղաքական լիազորությունները Բրյուսելին զիջելու ցանկության բացակայությամբ, ինչպես նաև միջազգային դիվանագիտության մեջ պետությունների ղեկավարների դերի մեծացման ընդհանուր միտումով։

Պարբերականը հայտնում է, որ արևմտաեվրոպական մի շարք մայրաքաղաքներում Կալասին համարում են չափազանց անզիջում՝ Ռուսաստանի հարցում նրա որդեգրած մոտեցման պատճառով։ Ավելին, ԵՄ խոշոր տերությունները՝ հատկապես Ֆրանսիան և Գերմանիան, նախընտրում են բանակցություններում պահպանել սեփական ուղղակի ներկայացվածությունը՝ փոխանակ այդ լիազորությունը վստահելու մեկ միասնական եվրոպական ներկայացուցչի։

Երրորդ գործոնը, ինչպես նշում է թերթը, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող ավելի լայն փոփոխությունն է, ըստ որի՝ առանցքային խնդիրների լուծումն աստիճանաբար արտաքին գործերի նախարարների ձեռքից անցնում է նախագահների և վարչապետների տիրույթ։

Եվրոպական պատվիրակության կազմը որոշվել է նոյեմբերի 13-ին Դուբլինում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչերին՝ նշանակելու ԵՄ-ի կողմից մեկ միասնական բանակցող, եվրոպացի առաջնորդները նախընտրել են այլ ձևաչափ։

Կալասն ինքը դժգոհություն է հայտնել Ուկրաինայի հակամարտության շուրջ ապագա բանակցությունները վարող խմբից իր բացառման կապակցությամբ։ Նա պնդում է, որ որպես ԵՄ արտաքին քաղաքականության ամենաբարձրաստիճան պաշտոնյա՝ հենց ինքը պետք է ներկայացնի ԵՄ-ն այդ հանդիպումներում։