Այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Ալիևի՝ այս տարվա հուլիսին Գերմանիա կատարած պաշտոնական այցը, ինչպես նաև դրա շրջանակներում կայացած հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները։
Երկկողմ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծվել է այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի», ինչպես նաև Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման և գործունեության վերաբերյալ համատեղ հռչակագրի կարևորությունը։
Հանդիպմանը շեշտվել է երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը. քննարկումները ներառում էին համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ներդրումային և գործարար ոլորտներում, ինչպես նաև ավանդական և այլընտրանքային էներգետիկայի, հաղորդակցության, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ բնագավառներում։
Ընդգծվել է Ադրբեջանի կարևոր ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում և նշվել, որ այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Միջին միջանցքի» զարգացման գործում Ադրբեջանի ունեցած նշանակալի դերին, Ադրբեջան-Եվրոպական միություն հարաբերությունների հեռանկարներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

