Եմենում առնվազն 9 մարդ է զոհվել արաբական դաշինքի հասցրած հարվածներից

Եմենի Հոդեյդա և Սաադա նահանգներում գտնվող կառույցներին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9, վիրավորվել՝ 13 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Եմենի հութիների վերահսկողության ներքո գտնվող SABA լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը վկայակոչելով հութիների կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցչին՝ հայտնում է, որ հարձակման է ենթարկվել Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող փրփրապլաստի (պորոլոնի) արտադրամասը։ Հարձակման հետևանքով զոհվել է 7, վիրավորվել է՝ 9 մարդ։ Զոհվածների մարմինները դուրս են բերվել ամբողջությամբ ավերված գործարանի փլատակների տակից։ Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության խմբերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Նախարարությունից գործակալությանը հայտնել են նաև Եմենի հյուսիսային Սաադա նահանգի Կիտաֆ շրջանին դաշինքի հասցրած հարվածի մասին, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 2, վիրավորվել՝ 4 մարդ։

Եմենում 2014 թվականի օգոստոսից չի դադարում զինված հակամարտությունը հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև։ 2026 թվականի հուլիսին ապստամբները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հարձակումներ էին իրականացրել այդ երկրին պատկանող մի քանի լցանավերի նկատմամբ։ Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակում էր ձեռնարկել Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերի 10-11-ին վերահսկողություն էր հաստատել Մոխա նավահանգստային քաղաքի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից տարածքների նկատմամբ։

Հոկտեմբերի 4-ին Եմենի կառավարական ուժերը հայտարարել էին այս տարածքները ապստամբներից ազատագրելու նպատակով լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու մասին։