Նոր տեղեկությունները և իրադարձություններն ընդգծում են, որ ԱՄՆ- Իրան մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է
Իրանը պատասխան հարվածով խոցել է ԱՄՆ-ի ռազմավարական նշանակության ռադիոտեղորոշիչ կայանը
Ւսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հղում անելով ամերիկյան աղբյուրին, ինչպես նաև իսրայելական այլ ԶԼՄ-ներ երեկ հայտնել են, թե ԱՄՆ-ի զինվորականներն Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ-ին) իբր տեղեկացրել են Իրանի դեմ ռազմագործողության վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին:
Լրագրողների տվյալներով՝ անվտանգության ուղիներով նմանատիպ ազդանշաններ են ստացել նաև Պարսից ծոցի որոշ երկրներ: Նրանց, իբր, առաջարկել են հաշվի առնել Իրանի դեմ ռազմական գործողության շուտափույթ վերսկսման հավանականությունը։
Ըստ աղբյուրների, Իրանի դեմ ռազմագործողությունը կարող է սկսվել շուտով։ Միաժամանակ նշվել է, որ այս տեղեկությունները հակասության մեջ են մտնում նախագահ Թրամփի հայտարարությունների հետ, որը պնդում էր, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման կարիք չկա:
Լրագրողները նաև մատնանշել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացումը և երրորդ ավիակիր խմբի սպասվող ժամանումը: ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ավիաբազաներում ներկայումս ունի մոտ 200 լիցքավորող ինքնաթիռ: Այսպիսով ԱՄՆ-ն ուժեր է քաշում Մերձավոր Արևելք՝ Իրանին հարված նախապատրաստելու ֆոնին, իսկ այդ հարվածի որոշումը կկայացվի՞, թե՞ ոչ՝ գիտի միայն Թրամփը, առավելագույնը՝ ևս մի քանի հոգի ԱՄՆ-ի նախագահի ամենամերձավոր ու վստահելի անձանց շրջանակից:
ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ժամեր հետո հերքել է այն լուրերը, թե Միացյալ Նահանգների ԶՈւ-ն Իսրայելի ՑԱՀԱԼ-ին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմագործողության վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Ամերիկյան ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ իսրայելական կողմին ոչ մի համապատասխան դիմում չեն ուղարկել: Այս մասին հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով կենտրոնական հրամանատարության ներկայացուցչին։
«Այդ մասին տեղեկատվությունը, որը հայտնվել է իսրայելական ԶԼՄ- ներում, ընդամենը ենթադրություն է, Իսրայելին նման դիմում չի եղել»,- հայտարարել է CENTCOM-ի ռազմական ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն այլևս շահագրգռված չէ Իրանի հետ համաձայնագրի կնքմամբ: Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգներն արդեն ունի հարյուրավոր միլիարդ դոլարի իրանական միջոցներ և վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:
Թրամփը նաև հայտարարել է Իրանի դեմ առանց հապաղելու ռազմական ուժ կիրառելու պատրաստակամության մասին, եթե ամերիկյան դաշնակիցներին և ԱՄՆ-ի ուժերին պաշտպանելու անհրաժեշտություն առաջանա: Այս մասին նա ասել է «Salem News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զրույցի ընթացքում հաղորդավարը ԱՄՆ-ի առաջնորդին հարցրել է, թե Վաշինգտոնն արդյոք պատրա՞ստ է ռազմական միջոցներ օգտագործել Իրանի գործողությունները դադարեցնելու համար, որոնք, հարցի ձևակերպման, սպառնում են ԱՄՆ-ի դաշնակիցներին և ամերիկյան նավերին:
Թրամփը դրական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ նման որոշում կայացնելիս չի վարանի։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի դիրքերը Թեհրանի հետ դիմակայությունում հաջողությամբ են դասավորվում: Ի հեճուկս Թրամփի, Իրանն ամերիկյան հարվածին պատասխանել է հարվածով. Բահրեյնում ամերիկյան ռադարն ընկել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նշանառության տակ:
Իրանցի զինվորականները հայտարարել են Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարային կայանի վրա հարձակման մասին: Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Սա ՀՕՊ-ի սովորական ռադարային կայան չէ, այլ շատ թանկարժեք սարքավորում, որը նախատեսված է հատկապես բալիստիկ հրթիռները բազմահազար կիլոմետրերի հեռավորությունից հայտնաբերելու համար:
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է «Tasnim» գործակալությունը, նշված է, որ այդ քայլը «լուրջ նախազգուշացում էր թշնամուն՝ Հորմուզի նեղուցում իր օդային սադրանքներն ու նավթի մաքսանենգությունը դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»: Հայտարարության մեջ ընդգծված է նաև, որ եթե նման խախտումները և ագրեսիայի գործողությունները կրկնվեն, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը պատրաստ են գործել «առանց սահմանափակումների»:
Թեհրանի պնդմամբ՝ հարվածը պատասխանն էր ԱՄՆ-ի օդային հարձակման, որին ենթարկվել էր հեռահաղորդակցության աշտարակն Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում: Բնակավայրը գտնվում է Հորմուզի նեղուցի ափին։ ԻՀՊԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ խոցել են ամերիկյան ռադիոտեղորոշիչ օբյեկտ։ Ինչպես նշել է «Reuters-ը, Իրանը սեպտեմբերի սկզբից առաջին անգամ հայտարարել է Պարսից ծոցի երկրներից մեկում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին:
Իրավիճակը զարգանում է Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Life.ru-ն հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները մի քանի շաբաթվա ընթացքում սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ջանալով, որ իր ռազմագործողությունները լայն ուշադրություն չգրավեն: Ինչպես նշել է «The Wall Street Journal»-ը, թիրախներից մեկը դարձել է Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզին:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ավելի վաղ ԻՀՊԿ գեներալ-մայոր) Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հաջորդ պաատերազմին թիրախավորվելու են Արևմտյան Եվրոպայի այն պետությունները, որոնք ԱՄՆ-ին թույլ կտան իրենց տարածքից ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։
Արթուր Հովհաննիսյան

