Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան Երևանում

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի՝ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև հանդիպումն ուղեկցվել է ոչ միայն մարզական պայքարով, այլև երկու ժողովուրդների պատմական հիշողությանն առնչվող խորհրդանշական դրվագներով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի ընթացքում երկու երկրների երկրպագուների նախաձեռնած ակցիաները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում։ Հանդիպման ժամանակ հայ երկրպագուները տրիբունաներում պարզել են «Artsakh Has Not Been Forgotten» («Արցախը չի մոռացվել») գրությամբ պաստառ՝ հիշեցնելով 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Արցախից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման մասին։ Դրվագին անդրադարձել է արգենտինահայ «Diario Armenia» պարբերականը՝ հրապարակելով պաստառի լուսանկարը։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ ուղերձը հնչել է երկու ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության համատեքստում՝ զուգահեռներ տանելով արցախահայության տեղահանության և Կիպրոսի պատմության միջև։ Ուշագրավ է, որ անմասն չեն մնացել նաև Երևան ժամանած հյուրերը։ Կիպրական «CyprusNews.eu» կայքի փոխանցմամբ՝ կիպրոսցի երկրպագուներն իրենց հերթին տրիբունաներում ցուցադրել են երկրի դրոշը՝ «Δεν Ξεχνώ» («Չեմ մոռանում») գրությամբ՝ հիշեցնելով իրենց հայրենիքի հյուսիսային հատվածի օկուպացիայի մասին։ Երևանյան մարզադաշտում ցուցադրված «Արցախը չի մոռացվել» և «Կիպրոսը չի մոռացվել» պաստառներն աննկատ չեն մնացել նաև ադրբեջանական մամուլի կողմից. մասնավորապես՝ թեմային անդրադարձել է «Minval Politika»-ն։ Հավելենք, որ մինչ հանդիպումը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հարիս Լոիզիդեսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։