Ալենուշ Տերյան․ «Իրանի աստղագիտության մայրը»

Այսօր Իրանի առաջին կին ֆիզիկայի պրոֆեսոր Ալենուշ Տերյանի ծննդյան օրն է, Երևանում Իրանի դեսպանությունը անդրադարձ է կատարել հայուհու կյանքին և գործունեությանը։ 

Ալենուշ Տերյանը (ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին – մահացել է 2011 թվականի մարտի 5-ին), որին անվանում էին «Իրանի աստղագիտության մայր», Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտում արևային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն էր։ 1964 թվականին նա դարձավ Իրանի առաջին կին ֆիզիկայի պրոֆեսորը։

Նա մեծացել է Իրանի հայ համայնքում և կրթություն ստացել Թեհրանի համալսարանում, որտեղ հետագայում նաև դասավանդել է։ Տերյանը ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա վերադառնալով Իրան՝ աշխատանքի է անցել որպես թերմոդինամիկայի ամբիոնի ասիստենտ։

Նա երբեք չի ամուսնացել, սակայն միշտ ասում էր, որ ունի «Արև» անունով դուստր և «Լուսին» անունով որդի։ Իր կյանքի ընթացքում Տերյանն ամբողջությամբ նվիրվել է գիտական ուսումնասիրություններին և իր ուսանողներին։ Նա հայտնի էր որպես հոգատար դասախոս, որի սերն ու ջերմությունը ուսանողների նկատմամբ փոխադարձ սիրով ու գնահատանքով էին ընդունվում։

Տերյանն իր տունը նվիրաբերել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այն տրամադրվի բնակության վայր չունեցող ուսանողներին։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում, որտեղ էլ մահացել է։