Դատական գործընթացը փորձում են միտումնավոր ձգձգել. փաստաբան
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով դատավարությունը, սակայն նիստը չկայացավ․ դատարան չէին ներկայացել Արման Սարոյանը և հանրային մեղադրողները։ Դատական նիստին ներկա էին միայն մեղադրյալ հոգևորականների պաշտպանները։
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, դատական գործընթացը փորձում են միտումնավոր ձգձգել.
«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար»,- ասաց պաշտպանը։
Նա հիշեցրեց Արման Սարոյանն ընդդեմ ՀԱՍԵ գործի կարճման հանգամանքը, նկատելով, որ նույնիսկ դատարանը գտել է, որ դատարանը չի կարող ստուգման ենթարկել ներեկեղեցական այդ հարցը, այսինքն, ի սկզբանե այդ հարցն ապօրինի և անհիմն է եղել, ստացվում է՝ անհիմն գործընթացի համար այսօր մեղադրում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եպիսկոպոսներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն կարող Հայաստանից դուրս գալ, Վեհափառ Հայրապետն իր հովվական առաքելությունը չի կարող իրականացնել այլ թեմերում, այս առումով խոչընդոտված է եկեղեցու գործունեությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանից բացակայելու արգելքը։
Նույն գործով մեղադրյալ են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։

