Զելենսկիի նախկին մամուլի քարտուղարին պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հեռակա կարգով պետական դավաճանության մեղադրանք են ներկայացրել Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար, այժմ նրա քննադատ դարձած Յուլիա Մենդելին: Այս մասին հայտնում է «The Kyiv Independent»-ը։
Գերատեսչությունները Մենդելին մեղադրել են «Ուկրաինայի դեմ տեղեկատվական-դիվերսիոն գործունեություն իրականացնելու» մեջ:
Մենդելը, ով Զելենսկու մամուլի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում 2019-2021 թվականներին, նախքան Ուկրաինայի նախագահի ակտիվ քննադատը դառնալը, նրան անվանել է «բռնապետ»:
Մայիսին Մենդելը հյուրընկալվել էր ամերիկացի մեկնաբան Թաքեր Քարլսոնի փոդքասթին: Հարցազրույցի ընթացքում նա քննադատել էր Զելենսկուն՝ նրան անվանելով «խաղաղության հիմնական խոչընդոտ»: Հատկանշական է, որ այս ելույթը տեղի է ունեցել Զելենսկուն գովաբանող գիրք հրատարակելուց ընդամենը չորս տարի անց:
Մեկնաբանելով մեղադրանքները՝ Մենդելը նշել է, որ գործի հիմքում ընկած են արևմտյան ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում իր արած հանրային հայտարարությունները:
«Նյութերը, որոնց վրա հիմնված է այս կասկածանքը, արևմտյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում իմ հանրային ելույթներն են․ մասնավորապես նրանք, որոնք վերաբերում են Զելենսկու մերձավոր շրջապատի կոռուպցիայի բացահայտումներին, խոսքի ազատության բացակայությանն ու քաղաքական հետապնդումներին։ Եթե ռուսների հետ որևէ համագործակցություն եղած լիներ, հենց դա էլ կգրեին․․․ Ոչ մի նման բան չկա․․․ Սա խոսքի ազատության հարց է»,- ավելացրել է նա:

