Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ

Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ, լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից տևած խուզարկությունից հետո ԱԱԾ հատուկջոկատայինները տնից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին։

Համաժամանակյա խուզարկություններ էին ընթանում Կարապետյանի հետ կապված բազմաթիվ այլ հասցեներում, այդ թվում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնում, Նարեկ Կարապետյանի բնակարանում, «Տաշիր կապիտալի» շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։

Հավելենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):