«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունը
Արթուր Բաղդասարյանի փաստաբան Մհեր Շահնազարյանի հայտարարությունը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրապարակել է Արթուր Բաղդասարյանի անձի հետ կապված, մեղմ ասած, ոչ հավաստի տեղեկություններ, որոնք տարածվել են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Ելնելով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտությունից՝ հայտարարում եմ․
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում, այո՛, առկա է Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայց, որի շրջանակներում Արթուր Բաղդասարյանից և իր տիկնոջից որպես ապօրինի գույք պահանջվում է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԳՈՒՅՔ, ԱՅՆ Է՝ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ մոտ 30%-Ը, որի գումարը կազմում է մոտ 2,8 մլն դրամ, և այդ 2,8 մլն դրամի օրինականությունը հիմնավորող բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացված են դատարան։
Արթուր Բաղդասարյանից նաև պահանջվում է «Հայասի գրուպ», «Ֆելինգեր», «Սքայվյու» ընկերությունների և դրանց հիմնադիր «Գավեքս գրուպ» ընկերության բաժնետոմսերի 100%-ը, որոնք, այո՛, ամբողջությամբ պատկանում են նրան, և որոնք նա օրենքով սահմանված կարգով, ի տարբերություն շատ-շատերի, հայտարարագրել է իր անունով դեռևս 2000-ականներին։
ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԵՆ ԻԲՐ ՄՈՏ 700 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ապօրինի է համարվել «Հայասի գրուպ» ընկերության հիմնադրումը և, հետևաբար, դրա հետ փոխկապակցված ընկերությունների բաժնետոմսերը ևս։
Այս դեպքում ևս դատարանին ներկայացվել են պատշաճ հիմնավորումները, և գործն այժմ գտնվում է դատական քննության փուլում։
Բազմիցս հայտարարվել է այդ թվում Արթուր Բաղդասարյանի կողմից , որ «Հայասի գրուպ» ընկերությունը կառուցվել է Երևանից մոտ 30 կմ հեռու զրոյից հողի վրա 100% վարկային միջոցների հաշվին՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ, ավելի քան 20 մլն եվրոյի վարկային միջոցների ներգրավմամբ։ Այդ վարկային պարտավորությունների գերակշիռ մասը պահպանվում է մինչ օրս, իսկ «Հայասի գրուպ» ընկերության բաժնետոմսերը 100%-ով գրավադրված են բանկում։ Ընդ որում, ընկերությունը թե՛ այսօր, թե՛ նախորդ տարիներին պարբերաբար հայտնվել է սնանկության գործընթացներում։
Նույնը վերաբերում է «Ֆելինգեր» և «Սքայվյու» ընկերությունների գույքին և բաժնետոմսերին, որոնք ևս 100%-ով գրավադրված են, այս դեպքում՝ ԱՄԻՕ բանկում, ավելի քան 12 մլն դոլարի վարկային պարտավորությունների դիմաց, և բանկը ևս ներգրավված է դատական գործընթացում՝ որպես երրորդ կողմ։
Ցավալի է, որ ՀԿԱԾ-ն, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, հայտարարում է 1020 միավոր շարժական գույքի մասին՝ դիտարկելով ընկերություններում առկա աթոռները, սեղանները, թեյնիկները և այլ գույքն ու շրջանառու միջոցները որպես շարժական գույք, մինչդեռ դրանց օգտագործման հետ կապված դատարանի որոշմամբ ոչ միայն որևէ սահմանափակում նախատեսված չէ, այլև դրանց օգտագործումը թույլատրված է ինչպես այս, այնպես էլ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մյուս բոլոր վարույթների շրջանակներում։
Բնականաբար, 1020 միավոր շարժական գույքի մասին տեղեկատվությունն անպատասխանատու կերպով, գրչի մի հարվածով հրապարակելու փաստը բազմաթիվ մարդկանց մոտ կարող է շոկային տպավորություն առաջացնել։
Ինչ վերաբերում է 156 մլն դրամի ապօրինի միջոցների մասին հայտարարությանը, ապա դրանց ապօրինի լինելը դեռևս պետք է ապացուցվի դատական քննության արդյունքում։
Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել նաև մի հանգամանք․ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ իրավագիտության դոկտոր Արթուր Բաղդասարյանը զբաղվում է ակտիվ գիտական և գիտակրթական գործունեությամբ։ Նրա գիտական աշխատությունները, մենագրություններն ու հետազոտությունները, որոնք, այդ թվում՝ տարբեր միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ, թարգմանվել են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական դաշտի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև Հայաստանում իրավաքաղաքական մտքի զարգացման գործում։ Միաժամանակ, նրա գիտական և մասնագիտական գործունեությունը երկար տարիներ եղել է նաև օրինական և կայուն դրամական եկամուտների աղբյուր, և այդ ամենը հիմնավորող փաստական տվյալները ներկայացվել են դատարան։
Պետական մարմինների և լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ինչպես տեղյակ եք, տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանը հեռացել է քաղաքական գործընթացներից, իսկ «Օրինաց Երկիր» կուսակցությունն օրենքով սահմանված կարգով լուծարվել է։ Ներկայում նա զբաղվում է ակտիվ գիտական և կրթական գործունեությամբ, ընտրվել է միջազգային խոշոր գիտակրթական կազմակերպության նախագահ, և նրա ջանքերը հիմնականում կենտրոնացած են այս կարևոր առաքելության իրականացման, ինչպես նաև սեփական առողջության պահպանման վրա։
Հարգելինե՛րս, հավատացեք, որ նման հրապարակումները կարող են ոչ միայն լուրջ վնաս հասցնել առանձին անձանց պատվին, արժանապատվությանն ու բարի համբավին, խախտել ՀՀ Սահմանադրության և բազմաթիվ այլ օրենքների պահանջները, այլև խարխլել հանրության վստահությունը պետական ինստիտուտների և անկախ դատական համակարգի նկատմամբ։
Ուստի կոչ եմ անում բոլորին զերծ մնալ չապացուցված տեղեկությունների տարածումից, հարգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու անմեղության կանխավարկածը, առավել ևս, որ խոսքը վերաբերում է ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, այլ ընդամենը ժամանակավոր սահմանափակումների կիրառմանը, և թույլ տալ, որ արդարությունն ու ճշմարտությունը հաստատվեն բացառապես օրենքի և արդար դատաքննության միջոցով»։

