Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մեհդիևը մեղավոր է ճանաչվել «պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ իշխանությունը զավթելու դավադրության, սահմանադրական կարգը բռնի տապալելու և Ադրբեջանի պետական անվտանգության շահերին հակառակ օտարերկրյա պետությանն աջակցելու» մեղադրանքներով։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև ավելի քան 17 միլիոն մանաթի՝ շուրջ 10 միլիոն դոլարի հանցավոր եկամուտների օրինականացման համար։
Դատարանի որոշմամբ՝ Մեհդիևի գույքը ենթակա է հօգուտ պետության բռնագրավման։ Կքննարկվի նաև նրան պետական պարգևներից զրկելու հարցը։ Պայմանական պատիժը կիրառվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, որը թույլ է տալիս տարեց և հիվանդ դատապարտյալների նկատմամբ կիրառել պատժի պայմանական կատարում։
Մեհդիևը տնային կալանքի տակ է գտնվում անցյալ տարվա հոկտեմբերից։ Նույն գործի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 29-ին ձերբակալվել էին նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին և նրա խորհրդական Մամեդ Իբրահիմը, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը 2026 թվականի փետրվարին հայտարարել էր «իշխանության դեմ դավադրություն բացահայտելու» մասին՝ պնդելով, որ Մեհդիևը, Քերիմլին և այլ անձինք ծրագրել են բռնի ճանապարհով զավթել իշխանությունը և փոխել սահմանադրական կարգը։

