Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ալիևը վերջին շրջանում ակտիվացել է ելույթներով հանդես գալու հարցում։ Երեկ էլ Բաքվում հերթական ֆորումի ժամանակ իր ելույթում օգտագործել է ատելության և թշնամանքի լեզուն։ Չկա մի ելույթ կամ թեմա, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին։ Ստորև ներկայացնում եմ մի քանի հայտարարություն, որոնք թարգմանել եմ բառացի։

 «Մենք պաշտպանեցինք ինքներս մեզ։ Մենք հաղթեցինք թշնամուն։ Մենք ազատագրեցինք մեր տարածքները, որոնք 30 տարի գտնվել էին հայկական օկուպացիայի տակ։ Մենք վերականգնեցինք արդարությունը։ Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։

 «Հայաստանը օկուպացրել էր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 20 տոկոսը, վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվել է իր պատմական հողերից, ոչնչացրել է մեր կրոնական և պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները, սակայն պատժամիջոցների չի ենթարկվել և չի պատժվել»։

 «Հայաստանի ռազմական ագրեսիայի և օկուպացիայի տարիներին, ինչպես նաև Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, բոլոր էթնիկ խմբերի և բոլոր կրոնների ներկայացուցիչները կռվել են որպես մեկ միասնական «Երկաթե բռունցք»։ Այն, ըստ էության, մեր հաղթանակի խորհրդանիշն էր։ Նրանք պայքարել են մեր ինքնությունը պաշտպանելու, արդարությունը և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

Եթե ոմանք սա կարող են գնահատել որպես Ալիևի ստանդարտ տեքստեր և հռետորաբանություն, ապա ես սա դիտարկում եմ ատելության ու թշնամանքի քարոզչության շարունակականության համատեքստում, ինչը, ինքնին, հակասում է իրական խաղաղության մասին խոսակցություններին»: