Փաշինյանի Արծվաշենի «մուտիտն» ու Ալիևի հայատյաց ելույթը․ զուգահեռ իրականության երկու կողմերը
Երեկ Ալիևը հերթական հայատյաց, ատելությամբ ու թշնամանքով հարուստ ելույթն է ունեցել։ Վերջին շրջանում նա կրկին ակտիվացրել է հայ ժողովրդին ուղղված ապամարդկայնացման, նույն ինքը՝ դեհումանիզացիայի լեզուն։ Նաև իր հայտարարություններով թիրախավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Առանձնացրել եմ ելույթում առկա և նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» հետ որևէ կապ չունեցող տերմիններն ու հայտարարությունները։ Արել եմ բառացի թարգմանություն։
«Հայաստանը ռազմական ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ՝ իրականացնելով էթնիկ զտումներ և մեկ միլիոն ադրբեջանցիների վտարելով իրենց հայրենի պատմական հողերից՝ թե՛ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, թե՛ ներկայիս Հայաստանի տարածքից»։
«Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց հանցակիցները, որոնք ռազմական հանցագործներ և մանկասպաններ են, դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018 թվականից շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»։
«Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը՝ միջազգային հարաբերությունների երկու անախրոնիզմներն ու ատավիզմները, մշտապես հարձակվել են Ադրբեջանի՝ ագրեսիայի զոհի վրա՝ միևնույն ժամանակ խրախուսելով ագրեսորին՝ Հայաստանին»։
«Անջատողականների առաջնորդները, ռազմական հանցագործներն ու մանկասպանները կանգնեցվեցին ադրբեջանական դատարանի առաջ։
Ըստ էության և ձևի՝ սա նման էր Նյուրնբերգի տրիբունալին։ Սակայն այս անգամ մեղադրյալի աթոռին հայ ֆաշիստներն էին։ Նրանք, ովքեր մեզ սպառնում էին, թե տանկերով կգան Բաքու, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այժմ մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում, իսկ նրանց տանկերը ցուցադրվում են Ռազմական ավարի այգում։ Ի դեպ, մեր հյուրերը կարող են այցելել Հաղթանակի այգի, Հաղթանակի թանգարան և Ռազմական ավարի այգի՝ լիովին հասկանալու օկուպացիայի բնույթն ու էությունը և ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակը»։
«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին մեր տարածքների օկուպացման, նրա իրականացրած ցեղասպանության և էթնիկ զտումների համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել հայկական ֆաշիզմի ողնաշարը։ Ագրեսորի անպատժելիությունը միայն ավելի էր մեծացնում նրա ամբարտավանությունը»։
«Մենք հաղթեցինք պատերազմում և օկուպանտներին դուրս քշեցինք մեր հողերից, բայց չձգտեցինք վրեժ լուծել 30 տարվա տառապանքների, ցեղասպանության կամ մեր քաղաքների ու գյուղերի ավերման համար։ Մենք մեր վրեժը լուծեցինք մարտի դաշտում»։
«Մենք հարված չհասցրինք արդեն ընկած թշնամուն։ Մենք չիջանք այն բարբարոսների և մանկասպանների մակարդակին, որոնք այդքան տառապանք էին պատճառել մեր ժողովրդին»։
Ալիևի կիրառած «մանկասպաններ», «հայկական ֆաշիզմ», «հայ ֆաշիստներ», «բարբարոսներ», «ռազմական հանցագործներ» և այլ ապամարդկայնացնող տերմինները ի՞նչ կապ ունեն խաղաղության հետ․․․Իհարկե, ոչ մի։
Հետևություններն անելն այնքան էլ բարդ չէ։ Ալիևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շարունակելու է հայերի և Հայաստանի դեմ պետական մակարդակով ատելության ու քսենոֆոբիայի քարոզը, շարունակելու է շինծու «դատավարությունների» թեման օգտագործել այդ քարոզի համար, շարունակելու է պահել հայի՝ որպես թշնամու կերպարը, շարունակելու է արհամարհել իր իսկ կողմից նախաստորագրված պայմանագիրը, միևնույն ժամանակ շարունակելու է խոսել իր կամակատար Փաշինյանի հետ շանտաժի լեզվով։ Իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»․․․

