Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը

Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը։ Հայտնում է ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հասցե՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայր (Գյուլիքեխվյան փողոց, 20)։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

Ըստ Քննչական կոմիտեի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ 

Գործարարն ինքը մեղադրանքը չի ընդունում։

Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է: