Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը Հայաստան կժամանի հոկտեմբերի 13-ի երեկոյան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ Բելոզյորովն առաջիկայում կայցելի Հայաստան, նրա այցի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի ժամանակ (օգոստոսին. խմբ.):

Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ հոկտեմբերի 14-ին Բելոզյորովը կհանդիպի Փաշինյանի հետ։

Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Կարսի և Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային գծերի հնարավոր կառուցումը, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան: