Իրանն առաջարկում է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ համագործակցության զարգացման համար. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ կազմակերպության և Թեհրանի միջև համագործակցությունը զարգացնելու համար։

Նրա խոսքով՝ Իրանն իրեն դիտարկում է որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրության բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական բնույթ ունի, այլև արմատավորված է պատմության, մշակույթի և ժողովուրդների միջև շփումներում։

«Իրանն առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար «ԱՊՀ երկրներ պլյուս Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով»,- ասել է Իրանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում, որին նա մասնակցում է առաջին անգամ։

Նա հավելել է, որ դա թույլ կտա զարգացնել համատեղ աշխատանքն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարանցումը, էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական և մշակութային կապերը։