Այսօր էլ ՌԴ Անվտանգության խորհրդի զգուշացումը հրապարակվեց. Հայաստանում «Firebird AI» տվյալների կենտրոնը կարող է աշխատել ԱՄՆ-ի հետախուզության համար
Դմիտրի Մեդվեդևը հենց այնպես չի զգուշացրել է, որ Հայաստանը նոր Ուկրաինայի վերածվելու ճանապարհին է
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարություն է տարածել Հրազդանում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի մասին: Նրա խոսքով՝ այդ օբյեկտը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի, Իրանի և հարևան պետությունների դեմ հետախուզություն իրականացնելու համար:
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերի համար վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու նպատակով, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի և Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- Շևցովի խոսքն է մեջբերել ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նա ուշադրություն է հրավիրել ամերիկյան օրենսդրության հետ «Firebird»-ի իրավական կապի վրա, ինչն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս մուտք գործել ու հասանելիություն ունենալ բոլոր այն տվյալներին, որոնք անցնում են ընկերության սերվերների միջոցով:
«Դա նշանակում է, որ հայկական պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ- ին առանց հայկական իշխանությունների համաձայնության»,- ընդգծել է Շևցովը:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հիշեցրել է նաև օգոստոսի սկզբին տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի գործարկման մասին: Օբյեկտն աշխատում է «Nvidia» պրոցեսորների հիման վրա։ Շևցովի տեղեկատվության համաձայն՝ 2027թ. վերջին «Firebird»-ը նախատեսում է ավելացնել համալիրի հզորությունը մինչեւ 300 ՄՎտ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ամբողջ էներգահամակարգի առավելագույն ծանրաբեռնվածությունը ձմռանը կազմում է 1,3 ԳՎտ։ Այսպիսով, տվյալների մեկ կենտրոնը սպառում է այս ծավալի գրեթե մեկ քառորդը:
«Հաշվի առնելով հայտարարված ծրագրերը, կենտրոնի աշխատանքը պահպանելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ էներգաուժեր»,- նշել է Շևցովը:
Նա հավելել է, որ Հայաստանն արդեն դիտարկում է նոր ԱԷԿ-ի կառուցումը էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պատճառով: Այնուամենայնիվ, տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի ընդլայնումը կարող է վատթարացնել իրավիճակը:
«Հաշվի առնելով աճող պահանջները, այդ թվում՝ տվյալների պահման, մշակման ու տարածման կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը վտանգում է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի, որն անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա»,- հայտարարել է Շևցովը:
Եթե վերոնշյալ տեղեկությունների աղբյուրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը չլիներ, եթե նրա խոսքի հրապարակողը ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը չլիներ, ապա նույնիսկ շատ բան կարդացած, լսած, տեսած լրագրողս կդժվարանայի հավատալ հրապարակվածին: Իհարկե, բնավ ոչ այն առումով, որ «Firebird AI» ընկերության հիշյալ կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի, Իրանի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ արևմտյան հատուկ ծառայությունների շահերի համար վերլուծական և հետախուզական աշխատանք կատարելու նպատակով: Նիկոլ հայադավի իշխանության օրոք դա, անշուշտ, զարմանալի չէ և լիովին հնարավոր է:
Ապշեցուցիչն էլեկտրաէներգիայի այն ահռելի հզորությունն է (300 ՄՎտ), որը «Firebird AI»-ը նախատեսում է օգտագործել 2027թ. տարեվերջին: Նույնիսկ մետաղաձուլական կամ քիմիական արդյունաբերության խոշոր ձեռնարկությունները (ինչպես, օրինակ, «Նաիրիտն»-ն իր գործունեության ամենաակտիվ շրջանում) էլեկտրաէներգիայի այսպիսի հզորություն չեն օգտագործում: Համեմատության համար նշեմ, որ Երևանի ՋԷԿ-ի առավելագույն էլեկտրական հզորությունը կազմում է 242 ՄՎտ:
Ի՞նչ տեղեկություններ կան «Firebird AI»-ի («Ֆայրբըրդ ԷյԱյ») վերաբերյալ: Համացանցից հաջողվեց պարզել, որ այն Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) հիմնված արհեստական բանականության ամպային ընկերություն է: Հիմնադրվել է 2025թ. Ռազմիկ Հովագիմյանի և Ալեքսանդր Եսայանի («Team Telecom Armenia»-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ) կողմից՝ հիմնադիր գործընկեր Նուբար Աֆեյանի հետ միասին։ 2026թ. օգոստոսի 8-ին «Firebird»-ը Հայաստանում պաշտոնապես գործարկել է արհեստական բանականության գործարանը. Հրազդանում արհեստական բանականության գերհամակարգիչը, որը համարվում է Կովկասում և ԱՊՀ-ում ամենամեծը, և տվյալների մշակման, պահման ու տարածման կենտրոնը:
Ուշագրավ է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը վերոնշյալ տեղեկատվությունը հրապարակել է այսօր: Ըստ նախատեսվածի, Նիկոլ հայադավը Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր կամ (և) վաղը ոչ պաշտոնական հանդիպում պետք է ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արթուր Հովհաննիսյան

