Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։