Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Ենիկեի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:
Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է հուշապատի մոտ, որտեղ ներկայացվել է գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։
Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Ենիկեին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

