ԱՄՆ-ը Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։

Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում հիվանդանոցների փակման մասին հաղորդումներին։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

«ԱՄՆ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի Ռուսաստանում, հատկապես Մոսկվայի սահմաններից դուրս գտնվող ամերիկացի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ կառավարության աշխատակիցները առողջության և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով կարող են բախվել որոշ տարածաշրջաններ անձնական և ծառայողական ուղևորությունների լրացուցիչ սահմանափակումների»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստան մեկնելու վերաբերյալ նախազգուշացումը շարունակում է մնալ ամենաբարձր՝ 4-րդ մակարդակում:

Բացի այդ, The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես Մոսկվայից պահանջել են ավելի շատ տեղեկատվություն տրամադրել Իրկուտսկի միջադեպի վերաբերյալ և կատարել առողջապահության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները։