«Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»․Կալուգին

Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, հայտնում է РИА Новости-ն։

«Փորձերը հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու՝ տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ», – ասել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների համար պատասխանատվությունը տեղափոխել արտաքին դերակատարների վրա։

Կալուգինի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, թե Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, իբր, մեծ ծախս է։ Միաժամանակ, նա այդ պնդումը հիմնավորող որևէ ապացույց չէր ներկայացրել։