Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության, մասնավորապես, մանկապղծության/սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր: «Ազատությանը» հետաքրքրվել է՝ դատախազության կողմից իրականացվե՞լ է ուսումնասիրություն հիշյալ զեկույցում ներառված՝ հանցագործության ենթադրյալ տարրեր պարունակող հրապարակումների վերաբերյալ:

Դատախազությունն անպատասխան է թողել հարցերը՝ եթե նշված հրապարակումներն ուսումնասիրվել են, ապա դրանց արդյունքում նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, ո՞ր հոդվածներով և կա՞ն արդյոք ներգրավված մեղադրյալներ ու ի՞նչ հոդվածով:

«Ազատությունը» նաև խնդրել էր պարզաբանել՝ եթե նշված հրապարակումները նախկինում չեն հանդիսացել ուսումնասիրության առարկա, ապա ինչո՞ւ: Այս հարցին ևս դատախազությունը չի անդրադարձել:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։