Տպավորություն է, թե Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ելույթ է ունենում ակնկալիքով, որ իրեն չի լսելու ոչ ոք՝ ոչ նիստի մասնակիցները, և ոչ էլ՝ առհասարակ

ԵԱՏՄ վարչապետների հավաքին հեռավար մասնակցության ընթացքում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թրամփի ուղուն եւ նշել, որ նախագիծը «հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և ստեղծել հնարավորություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար»։ «Սա կդառնա դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար», ասում է Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչպես է Թրամփի ուղին ապահովելու Սեւ Ծով–Պարսից ծոց կապը, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնում։ Այդ կապի հնարավորությունը մանրամասնված չէ նաեւ հենց Թրամփի ուղու վերաբերյալ հայ–ամերիկյան շրջանակային համաձայնության մեջ։ Ավելին, այդ շրջանակային համաձայնության բովանդակությունը շատ ավելի տեսանելի է դարձնում ռիսկերը, որ կարող են լինել Հայաստանի եւ Իրանի հաղորդակցության համար։

Իհարկե Փաշինյանը գուցե նկատի ունի այն, որ Թրամփի ուղու դիմաց Ադրբեջանը Հայաստանին կտա ճանապարհ Նախիջեւանի երկաթուղով, ինչի շնորհիվ Իրանը կմիանա Հայաստանին, իսկ հետո երթուղին կգնա Վրաստան։

Ամբողջ հարցն այն է սակայն, որ Նիկոլ Փաշինյանից բացի, որեւէ մեկը չի խոսում Նախիջեւանի միջոցով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ պայմանավորվածության մասին։ Ավելին, Իրանն իր հերթին գրեթե բացահայտ խոսում է, որ Թրամփի ուղին դիտարկում է իր ռազմավարական շահերի սպառնալիք։ Էլ ավելին, Իրանի համար Պարսից ծոց–Սև ծով երթուղին մեծ արժեք ունի, եթե այն անցնում է Թուրքիայից ու Ադրբեջանից անկախ։ Որովհետեւ Իրանն ինքնին որեւէ կերպ չունի Սեւ ծով կամ Եվրոպա հասնելու կարիք։ Իրանն ունի այդ հարցում Թուրքիայից ու Ադրբեջանից անկախ ճանապարհի կարիք։

Այս պայմաններում, Փաշինյանի ելույթից տպավորություն է, որ նա ԵԱՏՄ նիստում ելույթ է ունենում ակնկալիքով, որ իրեն չի լսելու ոչ ոք՝ ոչ նիստի մասնակիցները, եւ ոչ էլ՝ առհասարակ։

Քաղաքական վերլուծաբան՝ Հակոբ Բադալյան