Նիկոլ Փաշինյանի «խորհրդավոր» հյուրը
Շաքիի միջադեպի ֆոնին բաց չթողնենք մի իրադարձություն, որը խորքային առումով պակաս արժանի չէ ուշադրության, եթե չասենք՝ ավելի։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին։ Նրան հրավիրել են Հայաստանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Քննարկվել են գործակցության հարցեր, և այդ համատեքստում Սպիտակ տան ներկայացուցիչը արել է հետևյալ մի հայտարարություն․ «Տիկին Ուայթ-Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ»։
Իսկ ո՞ւր է Հայ Առաքելական եկեղեցին՝ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդականի համար։ Ի՞նչ է նշնակում ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հետ աշխատանք։ Ովքե՞ր են նրանք։ ՀԱԵ թեմերի՞ բարձրաստիճան հոգևորականները, թե նաև այլ կրոնական հայկական կառույցների ներկայացուցիչներ։ Եթե թեմերի առաջնորդները այդ շարքում են, արդյո՞ք աշխատանքը ենթադրելու է նրանց Նիկոլ Փաշինյանի օրակարգ բերելը, այսինքն Մայր Աթոռի դեմ տրամադրլը։ Սրանք կարծում եմ հիմք ունեցող հարցեր են, երբ ամերիկացի պաշտոնյան խոսում է սերտ աշխատանքի պատրաստակամության մասին՝ զբաղվելով Հավատքի հարցերով, բայց գործընկերների շարքում չի նշում ՀԱԵ-ն։
Եվ այդ իմաստով նաև հետաքրքիր է, թե նա արդյո՞ք Հայաստանում գտնվելու ընթացքում կայցելի Մայր Աթոռ և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Փոլա Ուայթ-Քեյնի հայաստանյան այցը փաստորեն նախապատրաստվել է սեպտեմբերի սկզբին նրա հետ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի շփումով։ Ես անդրադարձել էի դրան, ուշադրություն հրավիրելով այդ հանգամանքի վրա, թեև դրա մասին հաղորդագրությունը չէր հայտնում, որ կրող է տեղի ունենալ Ուայթ-Քեյնի այց Հայաստան։
Միաժամանակ, շատ կարևոր, թերևս առանցքային հանգամանք է այն, որ Ուայթ-Քեյնը ունի սերտ կապեր ԱՄՆ քրիստոնյա-սիոնիստների համայնքի հետ, և մեծ հաշվով Սպիտակ տանը նրանց առանցքային ներկայացուցիչ է։

