ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։
Որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։
Համապատասխան տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որոնցում բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան աշխատանքը՝ սահմանված թույլատրելի տիրույթների պահպանմամբ։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։

