«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը (տեսանյութ)

«2026 թվականը Երևանի պատմության թանգարանի համար առանձնահատուկ տարի է, քանի որ թանգարանը նշում է իր հիմնադրման 95-ամյա հոբելյանը: «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովի առիթով հրավիրված ասուլիսում նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը:
Նրա խոսքով, գիտաժողովին մասնագետները կներկայացնեն այն հետաքրքիր արդյունքները, որոնք առնչվում են Երևան քաղաքի պատմության տարբեր շերտերին, մասնավորապես՝ Հակոբ Սիմոնյանը կներկայացնի Սիլիկյան թաղամասի նոր պեղումները, կա զեկուցում Կոնդի պեղումների վերաբերյալ, Կարեն Բալյանը կներկայացնի Թամանյանական նարատիվները և այլն:

Գիտաժողովի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ին ԳԱԱ նախագահության դահլիճում, կտևի 3 օր, որի ընթացքում կհրապարակայնացվի շուրջ 80 զեկուցում։

Գևորգ Օրբելյանն առանձնացրեց մի քանի ուշագրավ զեկուցում. օրինակ, ռուս գիտնականներից մեկը կներկայացնի իր ուսումնասիրությունը Երևան քաղաքի դիտահորերի պատմության վերաբերյալ, կլինի նաև Օսիպ Մանդելշտամի և Երևանի մասին զեկուցում, իսկ Բրեմեն քաղաքի Տեխնիկական համալսարանի դասախոսները կներկայացնեն զեկուցումներ Երևանի զբոսաշրջային ուսումնասիրությունների վերաբերյալ: Նա բացառիկ որակեց ամերիկյան, ավստրիական և գերմանական արշավախմբի և Բորիս Գասպարյանի՝ Երևանի քարայրում կատարված պեղումների արդյունքների ներկայացումը: Ուշագրավ զեկուցումներից մեկն էլ վերաբերում է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Երևանում օգտագործված քաղցրավենիքին:

Մանրամասները՝ տեսանյութում